news news

Նոր ֆիլմարտադրություն Հայաստանում

Ամերիկյան խոշոր Associated Television International ընկերությունը հայտարարում է, որ դրամատիկ հեռուստատեսային սերիալի նկարահանում է սկսում Հայաստանում։ Այն կիրականացվի հայաստանյան Academy Films և ռուսաստանյան Blitz Films ընկերությունների հետ համատեղ։ Արտադրության մեկնարկն այս տարի կտրվի։

 

Վեց մասից բաղկացած սերիալը կհեռարձակվի ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, ազգային հեռուստատեսությամբ և POPSTAR ալիքով։ ATI-ի նախագահ Դեյվիդ Մկքենզիի խոսքի համաձայն, սա աննախադեպ հնարավորություն է Հայաստանի ստեղծագործական ներուժը ցուցադրելու և այն համաշխարհային կինոշուկայում որպես կինոարտադրության և հեռուստատեսային արտադրության կենտրոն ներկայացնելու համար: Ընկերությունը նաև Հայաստանում վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին պատմող մեկ ժամ տևողությամբ հեռուստատեսային ֆիլմ կնկարահանի։ Ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի ամբողջ տարածցում։

 

Պատմիչների դերում հանդես կգան ամերիկացի աստղեր Դին Քեյնն ու Մոնտել Վիլյամսը։ Մկքենզին, Քեյնն ու Վիլյամսը «Ժխտում» հեռուստաֆիլմի հեղինակներն են։ Նրանք նաև «Ժխտման ճարտարապետները» լիամետրաժ վավերագրականի հեղինակներն են։  Աննախադեպ այս նախագծի շրջանակում առաջին անգամ ներկայացվել է, թե ինչպես է Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ազդում Հայաստանի վրա: Մկքենզին նաև ասում է, որ կարևոր է կինոյի և հեռուստատեսության մասնագետներին ցույց տալ, որ Հայաստանը ոչ միայն ստեղծագործական ներուժ ունի, այլև հիանալի վայր է նկարահանումների համար։

 

«Մենք հուսով ենք, որ սա կխթանի Հայաստանում կինոարտադրության ոլորտի զարգացումը»: Նա հայտարարել է նաև, որ ևս չորս ճանապարհորդական հեռուստահաղորդում է նկարահանելու, որոնք կցուցադրվեն ամբողջ աշխարհում։ Նպատակը՝ Հայաստանում զբոսաշրջության ոլորտին աջակցելն է։ Associated Television International (ATI ) ընկերությունը «Էմմի» մրցանակակիր է, որը շուրջ երեք տասնամյակ թատրոնի, հեռուստատեսության և կինոյի որոլտներում աշխարհի ամենախոշոր արտադրողներից է։

 

 ATI- ի հեռուստաշարքերը, վավերագրական և գեղարվեստական ​​ֆիլմերը ցուցադրվել են ամերիկյան բոլոր հեռարձակման ցանցերում, խոշոր կաբելային հեռուստաալիքներով, իսկ գործընկերների շնորհիվ՝ նաև ամբողջ աշխարհում։ ATI- ի վավերագրականներն ու հեռուստանախագծերը բազմիցս «Էմմի» մրցանակաբաշխույթանն են առաջադրվել:

Latest