news news

Հայաստանում նոր միստիկ սերիալի նկարահանումենր են մեկնարկել

Academy Films ֆիլմարտադրող և պրոդյուսերական ընկերությունը, Associated Television International և Blitz Films ընկերությունների հետ համատեղ նոր ֆիլմի նկարահանումներ է սկսել։

 

«Չարի հպումը» (Evil Touch) միստիկ սերիալը միջազգային նախագիծ է, որն իրականացվում է հայաստանցի, ամերիկացի և ռուս մասնագետների մասնակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորը Սերգեյ Սարկիսովն է։  Գլխավոր պրոդյուսեր՝ Դեվիդ ՄկՔենզի։

 

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայաստանում։ Մի խումբ ամերիկացի ուսանողներ երկրով ճամփորդելիս պատահաբար հայտնվում են խուլ մի գյուղում, որը տարօրինակ և վտանգավոր է թվում նրանց։ Ստիպված լինելով գիշերել այնտեղ՝ նրանք շատ շուտով հասկանում են, որ նախնական կասկածներն ավելի քան հիմնավորված էին, քանի որ հենց այդ գյուղում է դարերով բանտարկված եղել Չար Ոգին։

 

Նկարահանումներին մասնակցում են ամերիկացի դերասաններ Ջենիֆեր Վիլը, Ջոի Նեսիվոչիան, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոջսոնը, Քրիս Սփարքսը, Մելորի Գոլդբերգը և Դենիել Քովինը։ Հայ դերասաններից սերիալում հանդես կգան Ալեքսանդր Խաչատրյանը, Արսեն Գրիգորյանը և այլոք։  

 

«Չարի հպումը» կոմերցիոն նախագիծ է և նախատեսված է ամերիկյան շուկայի համար։ Դրա արտադրությունը կօգնի օտարերկրյա ֆիլմարտադրողներին գնահատել ոլորտի ներուժը Հայաստանում, գնային քաղաքականությունը, մասնագետների պատրաստվածությունը և ծանոթանալ նկարահանումների համար բազմատեսակ լոկացիաներին։

 

Նկարահանումները կշարունակվեն մինչև նոյեմբերի վերջը։ Դրանք անցկացվում են Գառնիում, Դաշտադեմում, Աշտարակում և Երևանում։

Latest